Ֆրանսիայի մի քանի շրջանում կմտցվի մասնակի պարետային ժամ
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն դեպարտամենտների պրեֆեկտներին հանձնարարել է անկարգությունների պատճառով մի քանի շրջանում պարետային ժամ մտցնել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես խնդրել եմ պրեֆեկտներին այս երեկո որոշակի թվով շրջաններում պարետային ժամ մտցնել։ Մասնակի պարետային ժամ», - ասել է նա՝ ելույթ ունենալով անկարգությունների հետ կապված ճգնաժամային շտաբի նիստից հետո։
Նրա խոսքով՝ պրեֆեկտներն այս հարցում գործելու են կետային։
«ՆԳՆ-ն ավելի ուշ կկազմի քարտեզը, թե որտեղ է գործելու այդ ռեժիմը: Նպատակը ոչ միայն քաղաքացիներին, այլև առևտրային կետերը պաշտպանելն է»,- նշել է վարչապետը:
Նա հավելել է, որ երկրում արտակարգ դրություն կարող է մտցվել, եթե լինի նման անհրաժեշտություն, սակայն այս պահին մասնակի պարետային ժամ սահմանելու միջոցառումներն ավելի ընդունելի են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և բախումների ոստիկանության հետ։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները կշարունակեն ջարդերի և թալանի բոլոր մասնակիցների հետապնդումը։










