Գյումրիում 71-ամյա կնոջ դին հայտնաբերվել է ննջարանում՝ պարանոցին գոտի փաթաթված, գլխին՝ 12 կտրած-ծակած վերք, կասկածյալը նրա որդին է. Shamshyan.com
Երեկ՝ հունիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի տներից մեկում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են նույն հասցեի բնակչուհի՝ 71-ամյա Եղսաբետ Զաքարյանի դին։
Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ դին հայտնաբերվել է՝ գոտին պարանոցից փաթաթված, արտաքին զննությամբ գլխի հատվածում հայտնաբերվել են 12 հատ կտրած-ծակած վերքեր, ձախ նախաբազկի կտրած վերք, ձախ ակնակապիճի հեմատոմա, աջ վերին կոպի և ակնակապիճի վնասվածքներ։
Արդեն լուսաբացին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել ու ոստիկանության Կումայրիի բաժին են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 50-ամյա Վանիկ Զաքարյանին, ով սպանվածի տղան է։










