Նոր Զելանդիան քաղաքացիների մոտ պահվող արգելված զենքը ետ գնելու համար 136 մլն դոլար կծախսի
Նոր Զելանդիայի իշխանությունները շուրջ 136 մլն դոլար կծախսեն բնակչությունից արգելված կիսաավտոմատ զենքը ետ գնելու համար, գրում է New Zealand Herald-ը՝ ոստիկանության ու ֆինանսների նախարարների համատեղ հայտարարությանը հղումով:
Հաղորդվում է, որ երկրի բյուջեով 124,7 մլն դոլար է նախատեսվում այդ տեսակի զինամթերքը ետ գնելու և հավելյալ 18 մլն՝ դրանց հավաքման մեխանիզմը մշակելու համար: Նախարարների հայտարարության մեջ ասվում է, որ կիսաավտոմատ զենք կրող քաղաքացիները պետք է հանձնեն դրանք մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին նորզելանդական Քրայսթչըրչ քաղաքում մահմեդականների դեմ ուղղված ահաբեկչություն էր իրականացվել, որը 50 մարդու կյանք էր խլել: Ահաբեկչության համար ձերբակալված Բրենթոն Տարանտն իր արարքը բացատրել էր Արևմուտքում ահաբեկչություն իրականացնող իսլամիստների դեմ վրեժխնդրությամբ:
Ահաբեկչությունից հետո՝ ապրիլին, Նոր Զելանդիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով արգելվել էր մարտական տիպի կիսաավտոմատ զենքի բոլոր տեսակների վաճառքն ու գործածումը:










