Օրենքում «հաշմանդամ» բառը փոխել «հաշմանդամություն ունեցող անձինք» եզրույթով. առաջարկ պատգամավորի կողմից

20:03 • 20.06.19

Ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ԼՀԿ անդամ Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ բարի և լուսավոր նախագիծ է ներկայացնում: «Բուհերում անվճար համակարգում սովորում են մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաները, այստեղ չի նշվում որ կարգի հաշմանդամներ, հետևաբար բոլոր հաշմանդամներն են սովորում պետպատվերի շրջանակներում: Մինչդեռ ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները դուրս են մնում պետպատվերով սովորելու հնարավորությունից, հենց այս խտրական վերաբերմունքը շտկելու նպատակով է մեր նախագիծը:

Այս բացթողումը օրենքում նաև սողանցք է թողնում, որ բուհերում խուսափեն արտոնություն շնորհել երրորդ կարգի ուսանողներին, որոնք մինչև 18 տարին են հաշմանդամ»,-ասաց նա և կոչ արեց աուդիտ անցկացնել բուհերում, թե ինչու երրորդ կարգի, մինչև տասնութ տարին լրացած հաշմանդամները պետպատվերի շրջանակում չեն սովորում:

«Կառավարության մոտեցումն է, որ եթե անձը ընդունվել է ԲՈՒՀ և ի վիճակի է եղել կատարել իր վճարը, երրորդ կարգի հաշմանդամություն ստանալուց հետո կարող է իր վճարը կատարել, բայց մենք մոռանում ենք, որ եթե մարդը ձեռք է բերում երրորդ կարգի հաշմանդամություն, ընտանիքում լրացուցիչ սոցիալական բեռ է առաջանում»,-ասաց զեկուցողը և նշեց, որ իր հարցմանն ի պատասխան նշվել է նաև, որ առանձին հաշվարկ չունեն արված թե երրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց քանի տոկոսն է սովորում վճարովի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը առաջարկեց փոխել օրենքում հաշմանդամ բառը և օգտագործել բացառապես հաշմանդամություն ունեցող անձինք եզրույթը: «Հաշմանդամ ասելը արդեն խտրականություն է»,-ասաց նա: Վերջինիս հետ համաձայնեցին և՛ զեկուցողը, և՛ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, և՛ պատգամավոր Վահագն Թևոսյանը: