«Ցույցերի հետևանքով տուժածներից 102-ը շարունակում են մնալ բուժհաստատություններում»․ Վրաստանի ԱՆ

16:07 • 21.06.19

Վրաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զազա Բոխուան «Ինգորոկվա» կլինիկա կատարած այցելության ժամանակ լրագրողներին հայտնել է, որ երեկ տեղի ունեցած ցույցերի հետևանքով, ընդհանուր առմամբ, 240 մարդ է տուժել, որոնցից 102-ը շարունակում են մնալ բուժհաստատություններում, գրում է apsny.ge-ն:

«Մասնավորապես, այս բուժհաստատություն է տեղափոխվել 46 տուժած, որոնցից 35-ն արդեն դուրս են գրվել, իսկ 11-ը շարունակում են բուժում ստանալ։ Հիվանդները տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն»,-հայտնել է նախարարի առաջին տեղակալը:

Նրա տվյալներով՝ տուժածներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ, իսկ երկուսը վիրահատվում են։

«Ընդհանուր 240 տուժածներից 80-ը եղել են ոստիկանության աշխատակիցներ։ Այս պահին բժիշկները վիրահատում են երկու հիվանդի։ Հիվանդներից մեկի վիճակը կայուն ծանր է։ Մյուս դեպքերում, հիվանդներին համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվում։ Ներկա պահին տարբեր հիվանդանոցներում բուժվում է ավելի քան 102 հիվանդ։ Կան վնասվածքներով, կապտուկներով, թունավորումով և աչքի վնասվածքներով հիվանդներ»,-ասել է առողջապահության նախարարի առաջին տեղակալը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ երեկոյան սկսված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ տուժածներից 2-ը զրկվել են աչքից:

«Նյու հոսպիտալ» բժշկական կենտրոնի տնօրեն Գիորգի Կորձախիանի խոսքով՝ հիվանդանոց տեղափոխված տուժածներից երկուսի աչքը մեծապես վնասված է եղել, բժիշկները ստիպված են եղել հեռացնել դրանք: Վնասվածքների պատճառը կարող էր ոստիկանների կողմից ռետինե փամփուշտների կիրառումը լինել: