ՌԴ Դաշնային խորհրդում ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել դեռ խուսափել Վրաստան ուղևորություններից
ՌԴ Դաշնային խորհրդում ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել դեռ խուսափել Վրաստան ուղևորություններից, հաղորդում է 360tv.ru-ն։
«Ես խորհուրդ կտայի ռուս զբոսաշրջիկներին դեռ խուսափել Վրաստան ուղևորություններից՝ չնայած վերջին տարիներին Վրաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկը: Ինչո՞ւ վտանգի ենթարկել ձեր կյանքը: Թող սկզբում վրացական իշխանությունները կարգավորեն իրավիճակը»,- հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
Նա հավելել է, որ առաջիկա օրերին Թբիլիսիում իրավիճակը կարող է լարված լինել: Ջաբարովը նաև կոչ է արել վրաց իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել «այս տհաճ միջադեպը»:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ Facebook-ում գրառում էր կատարել, որի համաձայն Մոսկվան է պատասխանատու Վրաստանում բողոքի ակցիաների համար: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «ապակառուցողական» ընդդիմադիր ուժերը, որոնք բռնություն են հրահրում, իրականացնում են «Մոսկվայի պլանը»։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է ավելի քան 70 տուժածի մասին: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:










