Ինչպես տեսնում եք՝ ես աշխատանքի եմ գնում, եթե անհրաժեշտություն լինի, հայտարարություն կանեմ. Հրայր Թովմասյան
Ինչպես տեսնում եք՝ ես աշխատանքի եմ գնում: Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողներին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն՝ անդրադառնալով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե ինքն է ստանձնում ՍԴ նախագահի լիազորությունները և որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցված են:
«Եթե անհրաժեշտություն լինի հայտարարություն կանեմ ու մամուլի հետ կհանդիպեմ, այս պահին ոչինչ չունեմ ասելու»,- հավելեց Հրայր Թովմասյանը:
ՍԴ մեկ այլ դատավոր Ալվինա Գյուլումյանն էլ լրագրողներին ասաց, որ Գրիգորյանի հայտարարությունից ոչինչ չի հասկացել: Նա նշեց, որ կհանդիպեն Վահե Գրիգորյանի հետ, և վերջինս էլ կպարզաբանի, թե ինչ նկատի ուներ:
Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելը կապ ունի՞ ստեղծված վիճակի հետ, վերջինս նշեց, որ ոչինչ չի կարող ասել:
«Գործը դեռ վարույթ չի ընդունվել: Ավել ոչինչ չեմ կարող ասել, ինչ էլ ասեմ կդիտվի որպես քաղաքական չեզոքության խախտում, որի իրավունքը ես չունեմ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությանը, թե Հրայր Թովմասյանը պետք է գործի չգնա, հանձնի բանալին, Ալվինա Գյուլումյան նշեց, որ չի կարող մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:
«Երբ խնդիրներ ունենում է Սահմանադրական դատարանը, այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է։ Բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։ Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորն այս օրերին բացակայում է, ես՝ ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,-ասել էր Վահե Գրիգորյանը:










