Սուրեն Պապիկյանը կողմ է համայնքի ղեկավարի անուղղակի ընտրությանը՝ որ ավագանին ընտրի համայնքի ղեկավարին
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն, ըստ էության, կողմ է համայնքների ղեկավարների անուղղակի ընտրությանը՝ այսինքն, որ ավագանի ընտրվի և ավագանին ընտրի համայնքի ղեկավար։
Նա Սուրեն Պապիկյանին հարցրեց, թե արդյո՞ք համայնքների խոշորացումը դրա հետ կապում է և նույն մեխանիզմո՞վ պետք է համայնքը ղեկավար ընտրի:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ այո՛, ինքը համամասնական ընտրակարգի ներդրման կողմնակից է, երբ 5000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքները նման հնարավորություն կունենան։ Ըստ նրա՝ եթե համայնքների միավորման գործընթացը վերջնականապես տեղի ունենա, կարող են նաև այդ մոդելը կիրառել։
«Սա կարևոր է, որ քաղաքական ուժերն իրենց դերակատարումն ունենան համայնքի կառավարման մեջ, և որևէ տոկոս հավաքած քաղաքական ուժ 5 տարի շարունակ չմնա լուսանցքում, այլ դերակատարություն կունենա համայնքի գործունեության մեջ»,-ասաց նախարարը և նշեց, որ երկու մոդելի շուրջ են մտածում։
Պապիկյանը նշեց, որ ինքը համայնքների միավորումները համարում է կարևոր, և այստեղ կան ձեռքբերումներ, իհարկե ոչ բոլոր տեղերում։ «Բայց կան հաջող մոդելներ և հենց սրանց վրա էլ պետք է ստեղծել ապագա ինքնակառավարման մարմինների մոդելը»,-ասաց նա։
Ըստ Պապիկյանի՝ խնդիրն այն է, որ նախկինում միավորման խնդիր է դրվել, որ ամեն կերպ իրականացնեն, մինչդեռ իրենք ունեն կարևոր նշանաբան՝ համայնքի կարծիքը հաշվի առնել։
«Իսկ այն ժամանակ ինչ են արել՝ գյուղապետին կանչել են, ասել են դու կլինես վարչական ղեկավար, համայնքից համաձայնություն տուր. չի եղել նորը բերելու մղումը։ Որ համայնքապետը կամք է ունեցել, փոփոխություն է կատարել, իսկ հների դեպքում ոչինչ էլ չի փոխվել»,-ասաց նա։










