ԱՄՆ-ն արգելել է իր ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Իրանի որոշ օդային տարածքներում

12:01 • 21.06.19

ԱՄՆ դաշնային ավիացիայի վարչությունն արտակարգ ծանուցում է տարածել, որով արգելել է ամերիկյան ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Օմանի ծոցի և Հորմուզի նեղուցի՝ Իրանի օդային տարածքներում, հաղորդում է CNBC հեռուստաալիքը:

Դաշնային ավիացիայի վարչության առանձին հայտարարության մեջ ասվում է, որ ամենամոտ քաղաքացիական ինքնաթիռը գտնվում է Իրանի կողմից ոչնչացված ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքից 72 կմ հեռավորության վրա:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հինգշաբթի հայտարարել էր, որ իրանական զինված ուժերը երկրի հարավում՝ Պարսից ծոցի մոտ ամերիկյան անօդաչու սարք են ոչնչացրել: Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ իրանական զենիթահրթիռային համակարգը ոչնչացրել է Հորմուզի նեղուցում՝ միջազգային օդային տարածքում գտնվող ամերիկյան սարքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա Իրանի կողմից «շատ մեծ սխալ» է, սակայն ավելի ուշ ասել է, որ չի հավատում, որ կատարվածը դիտավորյալ բնույթ է կրել, և որ ինչ-որ մեկը հավանաբար սխալմամբ նման որոշում է կայացրել: