Հոնկոնգում հազարավոր ցուցարարներ կրկին շրջափակել են կառավարական համալիրն ու հարակից փողոցները

10:50 • 21.06.19

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի կենտրոնում մի քանի օրվա դադարից հետո վերսկսվել են բողոքի զանգվածային ցույցերը: Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը, հազարավոր ուսանող ցուցարարներ շրջափակել են կառավարական համալիրը և հարակից փողոցները:

Չնայած 30 աստիճան շոգին՝ Ադմիրալթի շրջանում շարունակվում է սև հագուստով, հովանոցով և ուսապարկով մարդկանց հոսքը: Նրանցից ոմանք բժշկական դիմակ են կրում, ոմանք՝ պաշտպանիչ ակնոց և սաղավարտ:

Ցույցերն առայժմ խաղաղ բնույթ են կրում, մասնակիցները խոստացել են ձեռնպահ մնալ ծայրահեղ գործողություններից: Ոստիկանությունը չի միջամտում ցույցին, իսկ կառավարական կառույցների գրասենյակներն ու Օրենսդիր խորհրդի շենքն առավոտից անվտանգության նկատառումներով փակ են:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են հունիսի 9-ից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Անցած շաբաթ շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:

Անցած կիրակի մոտ երկու միլիոն ցուցարար, որոնք դեմ են օրինագծին, դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով  ամբողջովին հրաժարվել օրենքի վերանայումից, ինչպես նաև ներողություն էին պահանջել վարչական շրջանի ղեկավարից: Դրանից մի քանի ժամ անց Լեմը գրավոր ներողություն էր հայցել կառավարության անունից:

Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացիպաշտոնյաներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: