Վրաստանում ցուցարարներն իշխող կուսակցության գրասենյակի առաջ այրել են կուսակցության դրոշը (տեսանյութ)

10:19 • 21.06.19

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ցուցարարները հավաքվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի առաջ, հաղորդում է վրացական Առաջին ալիքը:

Ակցիայի մասնակիցներն այրել են կուսակցության դրոշը, ինչպես նաև ջարդուփշուր արել մեքենաների ապակիներն ու փողոցում տեղադրված նստարանները:

Նշենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին գրանցված սկանդալի պատճառով, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը պատվիրակներին էր դիմել Վրաստանի խորհրդարանի խոսնակի բազկաթոռին նստած, ինչը սկանդալի պատճառ է դարձել Վրաստանում։ Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ ներառյալ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, որոնք թույլ են տվել «օկուպանտ երկրի ներկայացուցչին» նստել Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղը:

Ցույցերի ընթացքում հաղորդվել է 52 տուժածի մասին, որից 38-ն իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել: