Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները բացել են գյուղ և հանք տանող ճանապարհը, նրանք կսպասեն մինչև երկուշաբթի
Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները բացել են գյուղ և հանք տանող ճանապարհը:
Նրանք համաձայնել են, որ Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը հանդիպի «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Նորիկ Պետրոսյանին և հանդիպման արդյունքների մասին տեղեկացնի:
Բնակիչները «Թեղուտ» ՓԲԸ պատասխանին սպասելու են մինչև երկուշաբթի:
12:21
Շարունակվում է Շնող և Թեղուտ համայնքների բնակիչների բողոքի ակցիան. նրանք դեռ փակ են պահում Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թեղուտի բնակիչ Լուսինե Նորեկյանը:
Բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն ընկերությունում աշխատանքի ընդունի համայնքի բնակիչներից։
Լուսինե Նորեկյանի տեղեկացմամբ՝ քիչ առաջ խոշորացված Շնողի, որի մեջ է մտնում նաև Թեղուտը, համայնքապետ Դավիթ Ղումաշյանն է մոտեցել բողոքի ակցիա իրականացնողներին, սակայն նրա խոստումները չեն բավարարել բնակիչներին:
«Դավիթ Ղումաշյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ «Թեղուտ» ՓԲԸ-ում կա 350 աշխատատեղ և բնակիչներին վստահեցրել է, որ 350 մարդ կունանան իրենց աշխատատեղերը: Սակայն բնակիչները չեն ցանկանում Դավիթ Ղումաշյանի խոսքն ընդունել և ճանապարհը բացել: Նրանք պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Նորիկ Պետրոսյանը իրենց հետ հանդիպի»,- հայտնեց նա:
Այս պահի դրությամբ «Թեղուտ» ՓԲԸ-ից դեռ ոչ մի արձագանք չկա:










