Պատմության ամենահանդուգն կողոպուտներից մեկը. խաբեբաներն, օգտագործելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի սիլիկոնե դիմակը, 90 մլն դոլար են կորզել
Պատմության մեջ ամենահանդուգն կողոպուտներից մեկն իրականացնողները սիլիկոնե դիմակ են օգտագործել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանին նմանակելու և դրա միջոցով իրենց զոհերից 90 մլն դոլարի գումար կորզելու համար:
Լե Դրիանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012-2017 թվականներին, իսկ այժմ երկրի Եվրոպայի և արտաքին գործերի հարցերով նախարարն է: Նա բավականին ազդեցիկ քաղաքական գործիչ է, սակայն նաև ոչ հասկանալի անձնավորություն, ինչն էլ, ըստ քննիչների, ստիպել է հանցագործներին հենց նրան ընտրել որպես ազդեցիկ կերպար իրենց խարդախությունների համար:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, խաբեբաներից մեկը, հատուկ պատրաստված սիլիկոնե դիմակ կրելով, ներկայացել է որպես պաշտպանության նախարար և մեծահարուստ այցելուներից՝ ֆրանսիացի կամ արտասահմանյան գործարարներից գումար խնդրել որպես փրկագին Միջին Արևելքում իսլամիստների մոտ պատանդ գտնվող լրագրողների համար:
Նախ նրանք հեռախոսազանգով են կապ հաստատել իրենց զոհերի հետ, այնուհետև տեսազանգեր Skype-ի միջոցով: Իրենց ծրագիրն իրագործելու համար խաբեբաները հատուկ կահավորել են «նախարարի գրասենյակը»՝ դրոշներով և անգամ այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդի նկարով:
Նրանք զոհերին խնդրել են գումարը փոխանցել Չինաստանում բացված հաշվեհամարին, որպեսզի այն հնարավոր չլինի վերահսկել: Գումար խնդրելիս կեղծ նախարարը պարզաբանել է, որ Ֆրանսիայի կառավարությունը օրենքի համաձայն գումար չի տրամադրում որպես փրկագին:
Այդպիսով, 2015-2017 թվականներին հանցախմբին հաջողվել է 90 մլն դոլար կործել բավականին հայտնի և հարուստ մարդկանցից: BBC-ի տվյալներով՝ գումարի կեսը փոխանցել է թուրք գործարարը, որի անունը չի նշվում: Հայտնի է նաև, որ մեծահարուստ արքայազն Քարիմ Աղա-Խան IV-ը 18 մլն եվրո է կորցրել: Խաբեության զոհ դարձած մեծահարուստներից ոչ ոք չի ցանկացել զրուցել ԶԼՄ-ների հետ:










