Բագրատաշենի անցակետում չմաքսազերծված ապրանք փոխադրելու փորձ արած քաղաքացիների վիճակն անորոշ է. ամիս ու կես է չեն ստացել իրենց ապրանքը, ասում են՝ ամեն քայլի ընդունակ են

13:07 • 23.06.19

Մինչև հիմա ոչ մի բան չեն անում, ոնց որ գցել են բախտի քմահաճույքին, մեր իրավաբանն էլ, մենք էլ անընդհատ հետաքրքրվում ենք, բայց գործը սառած է, ոչ մի բան առաջ չեն տանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նառա տուրի» տնօրեն Նարինե Նորիկյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ստացել են Բագրատաշենի անցակետում մնացած իրենց բեռները:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ Թուրքիայից ապրանք բերած առևտրականները Բագրատաշենի անցակետում չէին կարողանում ստանալ իրենց ապրանքը: Բանն այն է, որ յուրաքանչյուր անձի թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ: Ըստ ԱԱԾ-ի՝ քաղաքացիները, որոնք առևտրական նպատակներով մեկնում են Թուրքիա ու բերում են ապրանքներ, չեն ուզում ուղղակի վճարել համապատասխան մաքսազերծման գումարները։ Այս դեպքում խոսքը 20 տոննայից ավելի ապրանքների մասին է, որոնք բերվել են և դրանց դիմաց չեն ուզել վճարել:

Ավելի ուշ, քաղաքացիները հանդես էին եկել ասուլիսով և հայտարարել, որ ընդունում են իրենց սխալը, իրենց ոտքերն ամպոտ չեն, պատրաստ են վճարել չմաքսազերծված ապրանքի համար:  

Նարինե Նորիկյանը Tert.am-ի հետ զրույցում, սակայն, նշեց, որ գործը տեղից չի շարժվել դեռ:

«Արդեն ամիս ու կես եղավ, մարդիկ շատ մեծ, շատ դաժան ֆինանսական տույժերի մեջ են»,- նշեց նա:

Նորիկյանը նշեց՝ դեռ անձամբ վարչապետին չեն դիմել, մամուլի ասուլիսով են հանդես եկել, որ բոլորը տեղեկանան իրենց խնդրի մասին: «Երևի թե լսել է վարչապետը, բայց դեռ արձագանքներ չկան, որ շուտ հանենք այդ բեռը: Ինձ թվում է՝ ոչ մեկին հետաքրքիր չէ մեր վիճակը»,- ասաց նա և շեշտեց՝ իրենք արդեն ամեն ինչի պատրաստ են՝ ճանապարհ փակել, կառավարության դիմաց բողոքի ակցիա անել:

«Որովհետև էլ տեղ չունենք: Եթե իմանաք՝ մեկը մեկին սպանում է, իմացե՛ք՝ այս ապրանքի համար են սպանում իրար: Մարդիկ տեղ չունեն, արդեն այն աստիճանի է հասնում, որ նրանք տներից են փախչում, որովհետև ապրանքները չեն կարողանում վերցնել: Այդ ապրանքը մեկը տոկոսով էր բերել, մյոսը՝ վարկով:

Չեմ  հասկանում՝ ինչո՞ւ պետք է այս վիճակի մեջ գտնվի այս ժողովուրդը: Հասկացանք, ասացինք, եթե թյուրիմացություն կա, պատրաստ ենք մուծելու, անելու, վճարելու, որ խնդիր չլինի, շուտ լինի այդ ամեն ինչը: Բայց հիմա ոնց նայում ենք մեր կառավարությունը, Պեկը ոչ մի բան չեն որոշում:

Անընդհատ ասում են՝ գործը ընթացքի մեջ է, ընթանում է: Հա հասկացանք, գործ եք հարուցել, ինչ եք հարուցել, բայց գոնե այդ բեռները մյարդկանց տվեք, ոչ մեկն էլ չի փախչի: Թող տան այդ բեռները, որ մարդիկ կարողանան իրենց հարցերը լուծել: Ախր շատ ծանր վիճակ է բոլորի մոտ»,- շեշտեց նա:

Նա նշեց, որ խնդիրն ի սկզբանե 41 հոգու էր առնչվում, սակայն կեսը հոգնել են, թողել ամեն ինչ, հիմա 25 հոգով են մնացել՝ որպես ընդհանուր բեռի տեր:

Իսկ թե ինչ եղավ վրացական ավտոբուսի հետ, որը ևս մնացել էր մաքսատանը, Նարինե Նորիկյանը պատասխանեց, որ իրենք հավաքվել և այդ գումարը վճարել են: Մաքսակետից էլ մի քանի օր առաջ ավտոբուսը թողել են, որ գնա Վրաստան:

«Մեր ամբողջ բեռը բերել են ի պահ «Ապավեն» մաքսային պահեստին»,- ասաց նա:

Նորիկյանը նաև հավելեց, որ չեն կարողանում շարունակել իրենց գործունեությունը: «Գործունեությունը դադարեցրել եմ, որովհետև ոչ մի ձև հասկանալի չէ, թե ինչ է լինելու: Շատ նեղ պայմանի մեջ ենք, հենց հիմա իսկական ֆինանսական անկման ենք գնում, ոչ մի բան չենք կարող անել: Եթե մենք բեռ ենք բերել ու մնացել է այդ բեռը, արդեն սեզոնն էլ անցել է այդ բեռի, ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք վաճառելու»,- նշեց նա: