Ռուսաստանի օմբուդսմենը կոչ է արել վրացի գործընկերոջը պաշտպանել Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների իրավունքները
Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան ռուս-վրացական հարաբերություների սրման ֆոնին դիմել է իր վրացի գործընկեր Նինո Լոմջարիային՝ կոչ անելով աջակցել Վրաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Ինչպես նշում է ria.ru-ն, ՌԴ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները ծայրահեղ մտահոգություն են առաջացնում:
Մոսկալկովան ընդգծել է, որ խախտվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցած ռուսական պատվիրակության նախագահ Սերգեյ Գավրիլովի և պատվիրակության մյուս անդամների իրավունքները և որ նրանց կյանքը հայտնվել է վտանգի տակ, ինչի պատճառով պատվիրակությունը ստիպված է եղել լքել երկիրը:
«Հարձակման է ենթարկվել նաև «Ռոսսիա 24» հեռուստաալիքի նկարահանող անձնակազմը, իսկ հազարավոր ռուս զբոսաշրջիկներ ստիպված են ընդհատել իրենց հանգիստն ու շտապ հետ վերադառնալ: Մարդու իրավունքների նման խախտումներն անընդունելի են այն հասարակությունում, որը պարտավորվել է հարգել և պաշտպանել համամարդկային արժեքները՝ ամրագրված Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում»,- ասել է օմբուդսմենը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 20-ից Թբիլիսիում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցները գրոհել են երկրի խորհրդարանի շենքը, որտեղ այդ պահին գտնվել են ռուս պատվիրակները: Ընդհանուր առմամբ, տուժել է 240 մարդ, ձերբակալվել է 300-ից ավելի մասնակից:
Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից չեն կարողանա չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Հրամանագրում նշվում է, որ սա ժամանակավոր քայլ է, որի նպատակն է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: ՌԴ տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ արգելքը կվերաբերի նաև վրացական ավիաընկերություններին:
Հիշեցնենք, որ թռիչքների դադարեցման որոշումը կայացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական վերահաժողովի նիստի շուրջ ծագած սանդալի ֆոնին: Վրացիներին զայրացրել էր այն փաստը, որ ռուսական պատվիրակության ղեկավար, նիստը նախագահող պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ուղեկցվելով ոստիկանության հետ բախումներով: Ռուսական պատվիրակությունը ստիպված է եղել լքել երկիրը:
ՌԴ իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել մինչ հուլիսի 8-ը լքել Վրաստանը, սակայն եթե դա տեղի չունենա, ռուսական ավիաընկերությունները պատրաստ են ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Հայաստանի և Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով:
Հայտնի է, որ լարված իրավիճակի ֆոնին ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար հետ են վերադարձնում դեպի Վրաստան տոմսերը:










