Հնդկաստանում կրոնական միջոցառման անցկացման ժամանակ վրանի փլուզման հետևանքով 14 մարդ է մահացել. կա 50 վիրավոր (լուսանկար)

10:11 • 24.06.19

Կիրակի Հնդկաստանի հյուսիս-արևմտյան Ռաջաստան նահանգում կրոնական միջոցառման ժամանակ վրանի փլուզման հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել, ավելի քան 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Վրանը փլուզվել է ուժգին քամու և փոթորկի հետևանքով, հաղորդում է BBC-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շատերը հոսանքահարվել են վրանի փլուզման ժամանակ, իսկ մյուսները փլատակների տակ են մնացել:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրոնական միջոցառմանը մասնակցելու նպատակով վրանում ավելի քան 300 մարդ է հավաքված եղել: Դեպքը տեղի է ունեցել Ռաջաստան նահանգի Բարմեր քաղաքում:

Աղետների կառավարման նախարար Բհանվար Լալ Մեգհվալը կատարվածի համար մեղադրել է կազմակերպիչներին՝ եղանակային վատ պայմանների ժամանակ էլեկտրականությունը չանջատելու համար:

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին թվիթերյան գրառում է կատարել, որում դեպքը «ցավալի» է որակել և իր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին:

 

 

 Indian injured people are being treated at a hospital in Barmer