Մեքսիկայի նախագահն աղքատներին օգնելու նպատակով վաճառում է նախագահական հանգստավայրը
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կիրակի հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է վաճառել Կարիբյան ծովում մեքսիկական Կոսումել կղզու վրա գտնվող նախագահական հանգստավայրը՝ Կինտանա Ռոո նահանգի աղքատներին օգնելու նպատակով, հաղորդում է ria.ru-ն:
«Ես լավ կուսումնասիրեմ Կոսումել կղզու Casa Maya նախագահական հանգստավայրի հետ կապված ամեն ինչ, քանի որ այն վաճառվելու է և գումարը հատկացվելու է Կինտանա Ռոո նահանգի աղքատներին»,-հայտնել է Լոպես Օբրադորը:
Նշենք, որ կիրակի նախկինում թմրավաճառների պատկանած տները վաճառելու նպատակով Մեքսիկայում աճուրդ է կազմակերպվել: Լատինամերիկյան երկրի ֆինանսների նախարարության գույքի կառավարման և օտարման ծառայությունը հաղորդել է, որ աճուրդի ընթացքում վաճառվել է թմրաբարոնների 27 տներից 9-ը, որի արդյունքում պետությունը ձեռք է բերել ավելի քան 56,6 մլն պեսո (գրեթե 3 միլիոն դոլար): Այս գումարը նույնպես կուղղվի աղքատների օգնությանը, այս անգամ՝ Գերերո նահանգի:










