Մեքսիկայում Նիկարագուայի հյուպատոսին ձերբակալել են 3 ապօրինի կուբացի ներգաղթյալի անցկացնելու փորձի ժամանակ

11:37 • 24.06.19

Մեքսիկայի Օախակա նահանգում ձերբակալել են Տապաչուլա քաղաքում Նիկարագուայի հյուպատոսին՝ 3 ապօրինի կուբացի ներգաղթյալի անցկացնելու փորձի ժամանակ, գրում է ria.ru-ն՝ լատինամերիկյան երկրի միգրացիայի ազգային ինստիտուտին հղումով: 

Ինստիտուտի տվյալների համաձայն՝ հյուպատոսի մեքենան կանգնեցվել է Սան Պեդրո Տապանատեպեկ քաղաքում: Մեքենայում գտնվող ուղևորները՝ 2 տղամարդ և մի կին, նույնականացվել են որպես Կուբայի քաղաքացիներ, որոնք չունեն օրինական իրավունք Մեքսիկայում գտնվելու համար: Նրանք տեղափոխվել են միգրացիոն կենտրոններ՝ հայրենիք վերադարձվելու համար:

Ինչ վերաբերում է հյուպատոսին, ապա նրա հետ կապված իրավիճակը բավականին բարդ է: Հետաքննությունը պարզել է, որ նա Տապաչուլայում Նիկարագուայի դիվանագիտական ներկայացուցիչն է 2013 թվականից, սակայն նրա դիվանագիտական վիզայի ժամկետն ավարտվել է դեռ 2017 թվականի մարտին:

Մեքսիկայի միգրացիայի ինստիտուտը հայտնել է, որ հյուպատոսն ունի դիվանագիտական անձեռնմխելիություն, սակայն դա չեղարկվում է, երբ ապացուցվում է նրա մասնակցությունը գործողությունների, որոնք դուրս են օրենքի շրջանակից:

Այս առնչությամբ երկրի միգրացիոն իշխանությունները որոշել են հյուպատոսի հետ կապված գործը փոխանցել երկրի գլխավոր դատախազությանը: