Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց երեք քաղաքացիներ շարունակում են հացադուլ անել

14:24 • 24.06.19

Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց երեք քաղաքացիներ շարունակում են հացադուլ անել, հաղորդում է apsny.ge-ն:

Հացադուլ հայտարարած քաղաքացիները վրան են խփել Ռուսթավելի գլխավոր պողոտայում:

Հացադուլի մասնակիցներից մեկի խոսքով՝ նրանք երեք պահանջ ունեն՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը, ցույցերի հետևանքով ձերբակալվածների ազատ արձակում և ցույցերի ցրման ժամանակ ուժի կիրառման հետ կապված իշխանության չարաշահման հետաքննության անցկացում:

Վրաստանում արդեն մի քանի օր է՝ իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում:  Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը Վրաստանից՝ այսօր երեկոյան ևս բողոքի ակցիա է նախատեսված։ Մինչ այդ բողոքի ակցիայի մասնակիցները ժամը 14:00-ին ավտոերթ կիրականացնեն Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ և ի նշան բողոքի՝ ազդանշան կտան։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել էին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է մի քանի տասնյակ տուժածի մասին: