Ընտանեկան բիզնես է, որն իմ անունով է եղել, պատգամավոր դառնալուցս հետո եղբայրս է այն շարունակում. Արտաշես Պետրոսյանը՝ սուրճի ապարատների բիզնեսի մասին
«2012 թվականից այդ բիզնեսը՝ սուրճի ապարատներ, մենք ընտանիքով կազմակերպել ենք: Գրանցված է եղել իմ անունով՝ որպես անհատ ձեռնարկատեր: Եղբայրս ու հայրիկս են հիմա զբաղվում: Պատգամավոր դառնալուց հետո անհատ ձեռնարկատեր Արտաշես Պետրոսյանը գործունեությունը դադարեցրել, է և այդ գործունեությունը շարունակում է Կարեն Պետրոսյանը»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե վերջինս չարաշահում է իր մանդատը, և որ սուրճի ապարատներ տեղադրելու մենաշնորհը իրեն է պատկանում:
«Թյուր ինֆորմացիա են տարածում, չեմ կարող ասել ինչ նպատակ ունեն, որ այդ ամեն ինչը տարածում են: Ես բիզնեսով չեմ զբաղվում»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին՝ ի՞նչ հարաբերությունների մեջ է նախկին իշխանությունների հետ, քանի որ իրենց ընտանեկան բիզնեսը նախկին իշխանությունների օրոք է հիմնադրվել, պատգամավորը պատասխանեց. «Ես նախկին իշխանությունների ժամանակ էլ աշխատել եմ օրենքով, օրենքի սահմաններում: Թե՛ անձնական, թե՛ գործնական որևէ կապ չեմ ունեցել ոչ մեկի հետ, ընդհանրապես»:
Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, թե այդ սուրճի ապարատների համար հոսանք չեն վճարում, նա ասաց, որ այդ խոսակցությունները ևս ճիշտ չեն: «Նկարել են մեկ ավտոմատ սրճեփ, որը տեղադրված է արդեն երկու տարուց ավել: Այդ ապարատի համար արտոնագրերը հարկայինով օրինական վճարված է եղել և վճարվում է. թաղապետարանի կողմից լիցենզիան տրամադրված է: Հոսանքի հետ կապված առանձին հաշվիչով այդ ապարատի հոսանքի գումարը վճարվում է ցանցին»,- պարզաբանեց Արտաշես Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ այդ գործը մենաշնորհ են դարձրել, նա ասաց. «Բոլորը կարող են շրջել համայնքներով, նայել ամեն ինչ: Ով որտեղ ուզում է, այդ ապարատներից տանում, դնում է: Դա փակ չէ ոչ մեկի համար, եթե բավարարվում են օրենքով սահմանված տեղերը, պահանջները»:










