«Արի Հայաստան». Արթուր Ջանիբեկյանի ղեկավարած «Comedy Club»-ի անդամներն ու ռուսաստանաբնակ հայ հայտնիները ֆլեշմոբ են սկսել

16:54 • 27.06.19

«Comedy Club»-ի անդամներն ու ՌԴ-ում բնակվող հայ հայտնիները երեկվանից սոցիալական ցանցերի իրենց տասնյակ միլիոն հետևորդներ ունեցող էջերում ֆլեշմոբ են սկսել՝ տարածելով Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ նկարահանված տեսահոլովակը, որում հայտնիները պատմում են Հայաստանի գրավչության մասին և կոչ են անում բոլորին այցելել Հայաստան:

Ակցիային արդեն միացել են «Comedy Club»-ի անդամներ Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը, Ժաննա Լևինան և այլք:

Օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանն Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութն ու գրել..«Հայաստանը հանգստի, լավ ժամանակ անցկացնելու հրաշալի վայր է: Եվ, առհասարակ, յուրքանչյուր ոք գոնե կյանքում մեկ անգամ պետք է լինի այս երկրում: Հայաստան, ես սիրում եմ քեզ»:

Չեմպիոնուհին հավելել է, որ Հայաստան մեկնելու համար ոչ մուտքի արտոնագիր, ոչ արտասահմանյան անձնագիր հարկավոր չէ, բացի այդ՝ բոլորը հասկանում են ռուսերեն։

Միխայիլ Գալուստյանը հայտնել է, որ մեկ շաբաթով գալիս է իր պատմական հայրենիք՝ Հայաստան: «Կհանդիպենք Հայաստանում»,- Instagram-ում գրել է Գալուստյանը:

Գարիկ Մարտիրոսյանն էլ, արձագանքելով Գալուստյանի գրառմանը, Instagram-ի իր էջում գրել է, որ ինքը ևս գալիս է Հայաստան և կոչ է արել ամռան արևը վայելել մեր երկրում:

Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, ևս Instagram-ի իր բոլոր հետևորդներին կոչ է արել շուտափույթ հավաքել ճամպրուկները, գնել տոմսերը ու գալ Հայաստան: «Խորովածը սառչում է»,-գրել է Լևինան:

Հավելենք, որ Հայաստանի բնության, տեսարժան վայրերի և տուրիստական գրավչության մասին պատմող տեսահոլովակի գաղափարի հեղինակը Արթուր Ջաիբեկյանն է: Սոցիալական տարբեր հարթակներում տեսանյութը միլիոնավոր դիտումներ ունի: Տեսանյութում Հայաստանի մասին պատնում են ճանաչված հայերը՝ կոչ անելով բոլորին այցելել Հայաստան: Նշենք, որ թեև տեսանյութը նկարահանվել է 2018թ.-ին, սակայն այս օրերին այն կարծես երկրորդ շունչ է ստացել՝ դարձյալ հայտնվելով զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում:

«Արի Հայաստան». Արթուր Ջանիբեկյանի ղեկավարած «Comedy Club»-ի անդամներն ու ռուսաստանաբնակ հայ հայտնիները ֆլեշմոբ են սկսել