ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ–ում Ուրուգվայի դեսպանի և գլխավոր հյուպատոսի հետ
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Կարլոս Սգարբիին (Carlos Sgarbi, նստավայրը՝ Թեհրան) և Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկին (Eduardo Rosenbrock)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Ուրուգվայի դեսպանը բարձր են գնահատել երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ջերմ ու բարեկամական հարաբերությունները, ինչը նաև լավ հիմք է քաղաքական երկխոսության ներկա մակարդակն առավել բարձրացնելու, տարբեր ոլորտներում առկա համագործակցությունն առավել ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Այս համատեքստում կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր մակարդակներում շփումների պարբերականության ապահովումը:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը երախտագիտությամբ է նշել, որ Ուրուգվայը եղել է առաջին պետությունը, որը դեռևս 1965թ․ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դրանով դատապարտել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։
Երկուստեք բարձր է գնահատվել Ուրուգվայի հայ համայնքի դերը, որը, կազմելով Ուրուգվայի բնակչության ավելի քան մեկ տոկոսը, ոչ միայն ակտիվորեն ներգրավված է երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական ոլորտներում, այլև հանդիսանում է Հայաստանը և Ուրուգվայը միմյանց կապող ամուր կամուրջ։
Կողմերը քննարկել են նաև վերջերս ՀՀ-ում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հաստատմանը և հետագա երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկը նշեց, որ առարկայական քայլեր են ձեռնարկվում ակտիվացնելու և զարգացնելու երկկողմ առևտրաշրջանառությունը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային մի շարք հարցերի:










