Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 20-ի գիշերը, իմ պատասխանատվությունն է, ես դրանից չեմ փախչում. Վրաստանի ՆԳ նախարար

23:47 • 27.06.19

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան արդեն 8 օր տևող ակցիաների ֆոնին, որոնց պահանջներից մեկը նախարարի հրաժարականն է, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման մասին, տեղեկացնում է Aliq Media–ն:

Գախարիայի խոսքով հունիսի 20-ի գիշերը ոստիկաններն օգտագործել են լեգիտիմ ուժ կիրառելու իրենց իրավունքը: Ինչ վերաբերում է անհամաչափ ուժ կիրառելուն, նախարարի խոսքով, կան որոշակի հարցեր և դրվագներ, որոնք դեռ պետք է հետաքննվեն:

«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ հունիսի 20-ի գիշերը, սկզբից մինչև վերջ իմ պատասխանատվությունն է: Այս պատասխանատվությունից ես չեմ փախչում: Ինչպես նաև իմ պատասխանատվությունն է, այն ամենը ինչ մեր հանրությունում կատարվում է, երբ ժողովրդական դատարաններ ենք սարքում, դատում որոշ մարդկանց, այդ թվում ոստիկաններին»,- հայտարարել է Գախարիան:

Գախարիայի խոսքով, եթե միջադեպի ընթացքում եղել են համակարգային խախտումներ, նա պատրաստ է պատասխան կրել, սակայն թույլ չի տալու, որ իրավական պետության և ինստիտուտների փլուզում տեղի ունենա: ՆԳ նախարարի խոսքով՝ նա պաշտոնին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի համոզվել, որ ակցիան ցրելուն մասնակցած ոստիկաններից ոչ մեկն անարդարության զոհ չի դառնա:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո ընդդիմությունն ու քաղաքացիները զանգվածային բողոքի ցույցեր սկսեցին խորհրդարանի շենքի առաջ, որոնք վերածվեցին բախումների ոստիկանության հետ: Բախումների հետևանքով 240 մարդ տուժել էր, 305-ը՝ ձերբակալվել: Վրացի քաղաքացիների զայրույթը հարուցել էր այն հանգամանքը, որ Գավրիլովը ելույթ էր ունեցել երկրի խորհրդարանի խոսնակի աթոռից: