Մերիլին Մոնրոյի արձանի գողության կասկածյալը նախկինում կոտրել է Թրամփի աստղը Փառքի ծառուղում

22:19 • 27.06.19

Լոս Անջելեսի շրջանային դատախազության ներկայացուցիչները հայտնել են, որ Մերիլին Մոնրոյի արձանի գողության մեջ կասկածվողը նույն մարդն է, որը նախորդ տարի կոտրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում:

Ինչպես հայտնում է The Washington Times-ը, «Հոլիվուդի չորս կանայք» ինստալիացիայի մաս կազմող Մոնրոյի քանդակի գողության մեջ կասկածվում է 25-ամյա Օսթին Միկել Քլեյը:

Վերջինս չի խոստովանել, որ գողացել է քանդակը, սակայն չի հերքել, որ անցյալ տարի կոտրել է Թրամփի աստղը: Այն ժամանակ Քլեյը երեք տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել և պետք է փոխհատուցեր հոլիվուդյան առևտրային պալատին հասցրած վնասը:

Եթե քանդակի գողության մեջ նրա մեղքն ապացուցվի, ապա նրան կսպառնա 3 տարվա ազատազրկում գողության և վանդալիզմի համար:

Ոչ մեծ չափսի բրոնզե արձանը պատկերում էր դերասանուհուն 1955-ին նկարահանված «Յոթ տարվա տենչը» (The Seven Year Old Itch) ֆիլմի իր կերպարում: