Բուրիաթիայում վթարված ինքնաթիռի դեռահաս ուղևորը պատմել է՝ ինչպես են ուղևորներին դուրս բերել այրվող օդանավից (տեսանյութ)

12:17 • 27.06.19

ՌԴ Բուրիաթիայի Հանրապետության Նիժնեանգարսկ քաղաքատիպ բնակավայրի օդանավայականում այսօր առավոտյան վթարված ինքնաթիռի 17-ամյա ուղևոր Վյաչեսլավ Պերշինը, որը թռչում էր իր հարազատների մոտ, РИА Новости գործակալությանը պատմել է, թե ինչպես են այրվող ինքնաթիռից տարհանել ուղևորներին:  

«Երբ վայրէջք կատարեցինք, ինքնառիթը ցնցվեց, մարդիկ սկսեցին խուճապի մատնվել, սակայն բոլորը գիտակից էին: Ուղեկցորդուհուն չտեսա… Իմ նստատեղի մոտ գտնվող վթարային ելքը բացեցին և սկսեցին սկզբում փոքրերին դուրս բերել, հետո՝ մյուս բոլորին»,- պատմել է ուղևորը:

Նա նշել է, որ վայրէջքից հետո բոլորը ցանկանում էին հնարավորինս արագ դուրս պրծնել ինքնաթիռից:

«Բոլորը հրմշտում էին միմյանց… Այնտեղ ընտանիքներ կային կրծքի երեխաներով, նրանց երկար ժամանակ դուրս չէին բերում, քանի որ բոլորը հրմշտում էին»,- պատմել է Պերշինը:

Նրա խոսքով՝ շուտով ժամանել են փրկարարները և շտապօգնության աշխատակիցները, իսկ ուղևորների իրերն ինքնաթիռում այրվել են:

Ինքը՝ դեռահասը, կոնքոսկրի վնասվածք և քերծվածքներ է ստացել: «Հրդեհը սկսվեց, երբ ես դեռ սրահում էի: Ինձ մոտ խուճապ էր, արդեն պատրաստ էի մեռնել»,- խոստովանել է ուղևորը:

Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ միջադեպի հետևանքով 2 օդաչուները զոհվել են: Փրկարարների տվյալներով՝ ևս 21 մարդ հոսպիտալացվել է, իսկ ընդհանուր առմամբ ինքնաթիռում 43 ուղևոր է եղել, այդ թվում՝ մեկ երեխա: 

Հայտնի է, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի շարժիչներից մեկը չի աշխատել: Անձնակազմն օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել: Նախնական տվյալներով՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը 100 մետր դուրս է եկել թռիչքուղուց և բախվել շինություններից մեկին, որից հետո հրդեհ է բռնկվել: