Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատական հայց կներկայացնեն ընդդեմ Էջմիածնի քաղաքապետի, ով կոչ էր արել բոյկոտել Գրիգորյանին պատկանող սրճարանը

14:19 • 28.06.19

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանի աշխատանքը բոյկոտելու հայտարարության վերաբերյալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատական հայց կներկայացնեն:

Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:
«Իշխանության ներկայացուցչի կողմից Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հայտարարություններն ատելության տիպիկ քարոզչություն են իրավական բոլոր հետևանքներով: Այդտեղ նաև պատվի ու արժանապատվության հետ կապված իրավական խնդիր կա, զրպարտանք: Դատական հայց ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 2-ն է, և մենք այդ ժամկետում կտեղավորվենք: Դրանից հետո այդտեղ նաև հանցակազմ ենք տեսնում և դիմելու ենք իրավապահներին՝ նրանց գնահատականը ստանալու համար»,-ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ ընտրովի գովաբանությունը, ընտրովի գովազդը, ինչ-որ ատելությունները երկրում պետք է բացառել և կապ չունի՝ դա քաղաքացի է, թե Էջմիածնի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանը համաքաղաքացիներին կոչ էր արել բոյկոտել Գրիգորյանին պատկանող սրճարանի աշխատանքը. «Որևէ դեպքում, անգամ ամռան ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»:

Քաղաքապետը հայտնել էր, որ որոշել են Մանվել Գրիգորյանի սրճարանի տարածքի վարձակալության համար պահանջել տարեկան մոտ 7 մլն դրամ, գործող 23 հազար դրամի փոխարեն: