Ներգաղթյալները շարունակում են ազատորեն հատել Մեքսիկայի սահմանը՝ չնայած երկրի իշխանությունների տված խոստմանը (տեսանյութ, լուսանկար)

11:58 • 28.06.19

Ներգաղթյալները շարունակում են Գվատեմալայից ազատորեն հատել Մեքսիկայի հետ սահմանը, հաղորդում է Daily Mail-ը:

Մեքսիկայի իշխանությունների խոստացած Ազգային գվարդիայի 6000 զինծառայողների տեղակայումը Գվատեմալայի հետ սահմանին պետք է կանգնեցներ Կենտրոնական Ամերիկայով հյուսիս ուղևորվող ներգաղթյալների հոսքը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար 5% մաքսատուրք սահմանել: Նա նշել էր նաև, որ քանի դեռ ներգաղթի ճգնաժամի խնդիրը լուծված չէ, մաքսատուրքն աստիճանաբար կաճի, իսկ ուժի մեջ կմտնի արդեն հունիսի 10-ից: Մեքսիկան խոստացել էր Ազգային գվարդիայի 6000 զինծառայող տեղակայել սահմանին: 

Նախօրեին տեսանյութ է հայտնվել համացանցում, որում երևում է, թե ինչպես են Աֆրիկայից փախստականները Սուչյատե գետով ազատ հատում Մեքսիկայի սահմանը, ինչը, աղբյուրի հաղորդմամբ, վկայում է, որ Ազգային զվարդիան թերանում է իր աշխատանքում:

Երկու օր առաջ էլ համացանցում էին հայտնվել լուսանկարներ, որում երևում էր՝ ինչպես է 10 մարդկանցով բեռնված նավակն անցնում նույն գետը:

Նշենք, որ 2018թ.-ի հոկտեմբերին Կենտրոնական Ամերիկայից հազարավոր ներգաղթյալներ, որոնցից շատերը՝ ընտանիքներով և փոքր երեխաներով, Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ սահման էին շարժվել՝ այդ երկրի իշխանություններից ապաստան խնդրելու:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապօրինի ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու համար 1000 զինծառայող էր տեղակայել սահմանին: Չնայած բոլոր տեսակի զգուշացումներին՝ մարտին նույն տարածաշրջանից ներգաղթյալների ևս մի խումբ (շուրջ 1200 ներգաղթյալ) էր ճանապարհ ընկել դեպի ԱՄՆ սահմանը:

Մայիս ամսվա դրությամբ ամերիկացի սահմանապահները Մեքսիկայի տարածքով ԱՄՆ սողոսկած ավելի քան 132 000 մարդու են ձերբակալել, ինչը եռակի գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը և 2006թ.-ից ի վեր սահմանին ձերբակալված ներգաղթյալների ամենաբարձր ամսական ցուցանիշն է:

 

The Epoch Times saw two groups of Africans cross from Guatemala to Mexico on Thursday