«Մի օր մի բան է ասում, հաջորդ օրն՝ այլ բան, Թրամփը բարոյական սկզբունքների պակաս ունի». Դալայ Լամա

13:30 • 28.06.19

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման BBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ քաղաքական: Նա խոսել է «Բրեքզիթ»-ի, Եվրոպայի ապագայի, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մասին:

Ինչպես նշում է The Guardian-ը, երբ լրագրողը հետաքրքրվել է՝ ինչ կարծիք ունի Դալայ Լաման ԱՄՆ նախագահի վերաբերյալ, նա ցուցամատը մոտեցրել է քունքին ու, մատը պտտելով, խելքի պակասության նշան ցույց տվել:

«Մի օր նա մի բան է ասում, հաջորդ օրն՝ այլ բան: Կարծում եմ, որ նրա մոտ բարոյական սկզբունքների պակաս կա: Երբ նա նախագահ դարձավ, ասաց, որ Ամերիկան պետք է առաջինը լինի, ինչը սխալ է: Ամերիկան պետք է համաշխարհային պատասխանատվություն ստանձնի»,-ասել է նա:

Հավելենք, որ Դալայ Լաման 1959թ. Չինաստանի իշխանությունների դեմ ընդվզման տապալումից հետո փախել է Հնդկաստան, որտեղ որպես վտարանդի ապրում է Դհարամսալա բնակավայրում:

Ավելի վաղ Դալայ Լաման նախազգուշացրել էր, որ իր մահվանից հետո կարող է այնպես պատահել, որ Չինաստանը փորձի Տիբեթի հոգևոր առաջնորդի պաշտոնում իր թեկնածուին պարտադրել, ինչն անընդունելի է: