Գերմանիայում բրիտանացի զինվորականը լճի վրայով պարանով ցատկ կատարելու ժամանակ զրկվել է ձեռքից

13:12 • 28.06.19

Գերմանիայի արևելքում բրիտանացի զինվորականը լճի վրայով պարանով ցատկ կատարելու ժամանակ զրկվել է ձեռքից, գրում է The Mirror-ը:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 25-ին: Քսանչորսամյա զինվորականն այլ զինվորականների հետ գնացել է լճի ափ, որտեղ ցանկացել է պարանով ցատկ կատարել ջրի մեջ: Ոստիկանության տվյալներով՝ տարածքում ծառերից մեկին մոտ 10 մետր բարձրությամբ պարաններ են կապած եղել, իսկ ծառը մագլցելու համար դրան մեխված տաշեղներ են եղել:

Ցատկելու ժամանակ զինվորականի ձեռքը խճճվել է պարանի մեջ, ինչի հետևանքով պարանը կտրել է նրա նախաբազուկը:

Բրիտանացու ընկերներն արտակարգ ծառայություններ են ահազանգել և ուղղաթիռով տղամարդուն մոտակա հիվանդանոց տեղափոխել: Տեղի փրկարար ծառայության սուզորդները գետի մեջ հայտնաբերել են անդամահատված վերջույթը և այն հիվանդանոց հասցրել:

Դեպքի վայր է ժամանել ռազմական ոստիկանությունը: Հաղորդվում է, որ լճում լողալն արգելվում է, և որ տարածքում բազմաթիվ նախազգուշացնող ցուցանակներ կան:

Բժիշկների խոսքով՝ բրիտանացու կյանքին վտանգ չի սպառնում, սակայն պարբերականը չի հստակեցնում՝ արդյոք անդամահատված ձեռքը հնարավոր է եղել վերականգնել: