Նյու Յորքի քաղաքապետը գործադուլ անողների առաջ ելույթի ժամանակ սխալմամբ Չե Գևարայի խոսքերն է մեջբերել

13:39 • 28.06.19

Նյու Յորքի քաղաքապետ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող Բիլ դե Բլազիոն, ելույթ ունենալով Մայամիում գործադուլ անող աշխատակիցների առաջ, մեջբերել է լատինամերիկյան հեղափոխական գործիչ Էռնեստո Չե Գևարայի խոսքերը:

Քաղաքական գործիչը գործադուլի մասնակիցներին դիմել է «Hasta la victoria, siempre!» («Մինչ հաղթանակ, մի՛շտ») արտահայտությամբ, որը հեղափոխական գործիչը գրել է իր հրաժեշտի նամակներից մեկում՝ Կուբան լքելուց առաջ:

«Չգիտեի, որ այսօր Մայամիում իմ օգտագործած արտահայտությունը կապվում է Չե Գևարայի անվան հետ: Ես ոչ ոքի վիրավորել չէի ցանկանում: Ներողություն եմ խնդրում այդ պատմությունը չիմանալու համար»,- թվիթերյան իր էջում գրել է նախագահի թեկնածուն՝ հավելելով, որ ցանկացել է պարզապես ոգևորել գործադուլ անողներին: