Իտալիայում անոմալ շոգ եղանակը 3 մարդու մահվան պատճառ է դարձել (լուսանկարներ)
Իտալիայում արդեն 3 մարդ Ապենինյան թերակղզում հաստատված անոմալ շոգի զոհ է դարձել, գրում է leggo.it-ը: Եղանակային շոգ պայմանների առնչությամբ երկրի առողջապահության նախարարությունը երեկ 16 խոշորագույն քաղաքներում եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարել:
Հաղորդման համաձայն՝ խոսքը հիմնականում խոշոր վարչական կենտրոնների մասին է՝ Հռոմ, Միլան, Նեապոլ, Թուրին, Վենետիկ, Բոլոնիա, Ֆլորենցիա, որտեղ սնդիկի սյունը +40 աստիճանի է հասել:
Կայքը նշում է, որ Միլանում կամավորների կողմից բարեգործական կազմակերպությանը նվիրաբերված և տեղի իշխանությունների միջոցներով ամբողջ ամառվա ընթացքում կես լիտր տարողությամբ սառն աղբյուրի ջրով, մրգահյութերով և էներգետիկ խմիչքներով լի 10 000 շիշ կբաժանվի բնակիչներին, մինչդեռ Թուրինի Սետտիմո Տորինեզե համայնքի իշխանությունները 46 000 բնակիչներին հրավիրել են կիզիչ տապից խուսափելու համար գրադարաններ այցելել:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Եվրոպայում ջերմային ալիքով պայմանավորված ռեկորդային շոգեր են:






















