Մեքսիկայում լքված տրանսպորտային միջոցում արգելափակված ավելի քան 130 ներգաղթյալի են փրկել
Մեքսիկայի բանակն ու դաշնային ոստիկանությունը լքված տրանսպորտային միջոցում անմարդկային պայմաններում արգելափակված 134 օտարերկրյա ներգաղթյալի են փրկել, գրում է ria.ru-ն՝ լատինամերիկյան երկրի մի քանի գերատեսչությունների համատեղ հայտարարությանը հղումով:
Երկրի Արտաքին գործերի, Ներքին գործերի, Պաշտպանության, Անվտանգության և Ռազմածովային ուժերի նախարարությունների տվյալներով՝ բեռնատար մեքենան հայտնաբերվել է Վերակրուս նահանգի ճանապարհներից մեկի մոտ: Շոգից և ծարավից տառապող ներգաղթյալները փորձել են ներսից բացել դուռը:
Ընդհանուր առմամբ ազատվել է 71 երեխա, 36 տղամարդ և 27 կին: Նրանց քաղաքացիությունը չի հստակեցվում, սակայն հարկ է նշել, որ Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ շարժվող ապօրինի ներգաղթյալները հիմնականում Կենտրոնական Ամերիկայի երկրներից են:
Մեքսիկայի Ազգային միգրացիոն ինստիտուտի տվյալներով՝ 2018թ.-ի դեկտեմբերից 2019թ.-ի հունիս ընկած ժամանակահատվածում Մեքսիկայում մոտ 106 000 ներգաղթյալ է ձերբակալվել, որոնցից 77 500-ն արտաքսվել են հայրենիք:










