Ամերիկուհին մահացել է` անտեսելով լողափում ստացած ոտքի վնասվածքը
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակչուհին մահացել է լողափում ոտքի հատվածում վնասվածք ստանալուց հետո: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, զոհված կնոջ որդու խոսքով՝ վերջինս սուր առարկայի է դիպել ափի երկայնքով զբոսնելիս:
Սկզբում նա ուշադրություն չի դարձրել վնասվածքին, իսկ օրեր անց բուժօգնության է դիմել արյունահոսող վերքի պատճառով: Բժիշկները պատվաստում են արել տետանուսի դեմ (մկանի հարկադիր, տևական կծկում) և հակաբիոտիկներ նշանակել, սակայն հետագայում կնոջն անգիտակից են գտել տանը:
Պարզվել է, որ ամերիկուհին ուղեղի երկու կաթված և սեպսիս է տարել ու մահացել է օրգանիզմի նուրբ հյուսվածքները վնասող վարակի տարածումից: Հղում անելով հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնին՝ աղբյուրը նշում է, որ յուրաքանչյուր երրորդը մահանում է նման վարակից:










