Թրամփի նորանշանակ մամլո քարտուղարը վնասվածք է ստացել` Կորեայում նախագահների հանդիպմանը տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ
Սպիտակ տան մամուլի նորանշանակ քարտուղար Ստեֆանի Գրիշեմը վնասվածք է ստացել, երբ լրագրողները փորձել են մտնել սենյակ, որտեղ անցկացվում էր ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է CNN-ի թղթակից Ջիմ Ակոստան:
«Գրիշեմը փոքր-ինչ վնասվել է: Աղբյուրը կատարվածն անվանել է «զանգվածային ընդհարում»,- գրել է լրագրողը: Նրա տվյալներով՝ Գրիշեմը փորձել է ներս չթողնել հյուսիսկորեացի լրագրողներին:
Հիշեցնենք, որ Գրիշեմն օրերս է նշանակվել Սպիտակ տան մամլո քարտուղարի պաշտոնում: Մինչ այդ նա եղել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի պաշտոնական ներկայացուցիչը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումն այսօր տեղի է ունեցել Կորեական թերակղզու ապառազմականացված գոտում:










