Տրիպոլիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքն օդային հարվածի պատճառով
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Միտիգա միջազգային օդանավակայանին օդային հարված է հասցվել և անվտանգության նկատառումներից ելնելով աշխատանքն օդանավակայանում դադարեցվել է: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
«Միտիգա օդանավակայանը մինչ հետագա ծանուցումն աշխատանքը դադարեցրել է` օդային հարվածի պատճառով»,- գրված է օդանավակայանի ղեկավարության պաշտոնական հաղորդագրությունում: Թե կողմերից որն է հարվածի մեղավորը, չի հաղորդվում:
Օդանավակայանն արդեն մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել հակամարտող կողմերի միջև: Մինչև վերջերս այնտեղ վերահսկողություն էին իրականացնում Տրիպոլիի կառավարության զորքերը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին մարշալ Հաֆթարին ենթակա բանակային ուժերը գրոհ էին սկսել Տրիպոլիի դեմ: Լիբիայում երկիշխանություն է տիրում 2011 թվականին Մուամմար Կադդաֆիի սպանությունից հետո: Լիբիայի արևելյան շրջանում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաիզ Սարաջի գլխավորությամբ:










