Արման Բաբաջանյանն Աննա Մարգարյանին ասաց՝ ցավում եմ, որ մեր թեկնածուն չեք, Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ ձեր թեկնածուն չէ, բայց կարող եք քվեարկել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ արտահերթ նիստում ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ թեկնածու Աննա Մարգարյանին հարցեր ուղղեց դատավորների բարեվարքության, ունեցվածքի հայտարարագրման, դատական համակարգը գրավիչ դարձնելու, նաև վեթինգի մասին:
Աննա Մարգարյանը նշեց, որ միամտություն կլիներ կարծել, որ զուտ կանոնների ընդունմամբ կարող են հասնել դատավորների բարեվարքությանը: Նա նշեց, որ պետք է ձևավորվի մեխանիզմը: Նրա խոսքով՝ այս պահին ԲԴԽ-ի այն լծակները, որոնք կան, ցավոք, դեռևս հնարավորություն չեն տալիս պատշաճ արձագանքել: Նրա խոսքով՝ լուծումներից մեկն այն է, որ լծակ պետք է տալ, որ ԲԴԽ-ն ինքնուրույն սկսի այդ վարույթը սկսել:
Ինչ վերաբերում է հայտարարագրմանը, Աննա Մարգարյանը նշեց, որ հարցերն ուսումնասիրվում են: Մարգարյանն ասաց, որ չպետք է կենտրոնանալ միայն դատական համակարգի վրա՝ ինչպես արվել է մյուսն համակարգերում, հայտարարագրման նույն մեխանիզմը պետք է կիրառվի նաև դատական համակարգի վրա:
«Եթե ուսումնասիրվում են տվյալները և խնդիրներ են առաջանում, պետք է առաջին հերթին նայել՝ ԲԴԽ-ն ինչ լիազորություններ ունի, արդյո՞ք կարող է դրան արձագանքել: Լավ, ֆիքսեցինք՝ այս անձի մոտ կա ավելի մեծ գումար, քան կարող է լինել իր աշխատավարձով, բայց չէ՞ որ ինքն էլ ունի հնարավորություն պարզաբանումներ ներկայացնելու, և մենք, ի վերջո, գալու ենք էլի իրավունքի դաշտ: Ցանկացած պարագայում սա պետք է լինի զուտ իրավական նորմերի վրա, սա ինձ մոտ սկզբունքային մոտեցում է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է դատական համակարգը գրավիչ դարձնելուն, Աննա Մարգարյանն ասաց, որ ցանկացած վայրում, որտեղ աշխատում ես, ցանկանում ես, որ այդ կառույցը հարգեն, իսկ հարգանք պետք է ձևավորվի՝ առաջին հերթին պետք է դադարեցվի այն նեգատիվ մոտեցումը, որն այսօր շատ հաճախ կա:
«Կալանքի որոշման մասին ասեմ՝ գործը հասնում է դատարան, դատավորը չկալանավորեց, միանգամից ասում են՝ տեսե՛ք, դատավորը չարեց: Մեկ հարց՝ դատավորը արդյո՞ք ուներ ձեռքի տակ բավարար տվյալներ, ապացուցողական բազա, որոնք թույլ կտային դա անել: Եկեք հարցադրումները ճիշտ ներկայացնենք: Արդյո՞ք հարցը վերաբերում է դատարանին, թե՞ օրինակ նախնական քննությունը իրականացնողին, որը պետք է բերեր տվյալները: Այսինքն՝ խնդիրը պետք է լինի նաև բնակչության շրջանում ճիշտ ուղերձներ հղելը, որ հասկանան, թե ումից ինչ է ակնկալվում, ոչ թե տեսնել վերջին մարմինն ով է և նրա նկատմամբ ձևավորել անվստահություն: Սա պակաս կարևոր չէ»,- ասաց նա:
Արման Բաբաջանյանն ափսոսանք հայտնեց, որ Աննա Մարգարյանն իրենց թեկնածուն չէ և հավելեց, որ իրենց խմբակցությունը լուրջ մտահոգություն ունի ԲԴԽ-ին վեթինգ իրականացնելու պատվիրակման շուրջ: «Հարց է առաջանում՝ ո՞վ պետք է վեթինգի ենթարկի ԲԴԽ-ին, որովհետև դատավորները կարող են շատ լավ չենթարկվել այս կանոնին և ասել՝ ովքե՞ր են որոշողները, թե իրենք ինչ բարեվարքություն ունեն ու ինչ եկամուտներ են հայտարարագրել: Այս շրջապտույտից դուրս գալու ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում»,- հարցրեց Բաբաջանյանը:
Աննա Մարգարյանն էլ ասաց, որ առաջինը պետք է սկսել ԲԴԽ-ից: «Եթե մենք խոսում ենք ԲԴԽ կողմից որոշակի գործողություններ իրականացնելու մասին, առաջինը ԲԴԽ անդամները պետք է պատրաստ լինեն այդ գործընթացն անցնելուն: Իրականում պետք է ձևավորվեն ԲԴԽ գործունեության թափանցիկության չափանիշները: Այս հարցերը բարձրացվել են նաև ԲԴԽ նախկին կազմի ներկայացուցիչների կողմից»,- ասաց նա:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց Արման Բաբաջանյանին. «Քվեարկությունը գաղտնի է՝ ձեր թեկնածուն չէ, բայց կարող եք քվեարկել»:










