Հյուսիսային Կիպրոսում անհայտ օբյեկտ է ընկել, որի հետևանքով պայթյուն է որոտացել. դրա վրա առկա է ռուսերեն գրություն (լուսանկարներ, տեսանյութ)
Լույս հուլիսի 1-ին անհայտ օբյեկտի ընկնելու հետևանքով ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Հյուսիսային Կիպրոսում, հաղորդում է korrespondent.net-ը՝ իրազեկ աղբյուրների հղումով:
Պայթյունը տեղի է ունեցել Կիպրոսի գրավյալ շրջանում՝ Պենտադակտիլոսում։ Պայթյունի հետևանքով վիրավորներ չկան: Ականատեսների խոսքով՝ երկնքում լուսարձակում են նկատել, որին հաջորդել են երեք պայթյունները:
Դեպքի վայրում ունեցած ելույթի ժամանակ միայն Թուրքիայի կողմից ճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ղեկավար Մուստաֆա Աքընջին հայտնել է, որ պայթյունը որոտացել է ռազմական օբյեկտի, անօդաչու թռչող սարքի կամ հրթիռի ընկնելու հետևանքով:
Աքընջին ենթադրել է, որ օբյեկտի կործանման պատճառ են դարձել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները: Նա նաև չի բացառել, որ օբյեկտը ռուսական արտադրության է:
Կիպրոսի ոստիկանությունը դեռևս պարզում է պայթյունի պատճառները: Տարածքի բնակիչները հայտնում են, որ պայթյունը որոտացել է ուղղաթիռի, ինքնաթիռի կամ զինամթերքի պայթելու հետևանքով:
Թուրք լրագրող Հուսեյն Էքմեքչին իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից: Նա պնդում է, որ բեկորների վրա ռուսերեն գրություններ կան։ Նրա կարծիքով՝ հավանական է, որ Սիրիան ակտիվացրել է իր ՀՕՊ համակարգերը՝ ի պատասխան Իսրայելի հարվածի, և հնարավոր է, որ Կիպրոսում ընկածը C-125-ի հրթիռ է:












