Ռոմանոսն էդքան ակտիվ չէր Թավշյա հեղափոխության ժամանակ, ու եթե մենք դասեր չքաղենք, Թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

13:40 • 01.07.19

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ-ում լրագրողների խնդրանքով անդրադառնալով հարցին, թե ինչու Աբովյանի քաղաքապետի ընտրություններում չի սատարել ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանին, ասաց, որ չի ցանկացել «խառնվել ընտրություններին»:

«Ռոմանոսը ցանկանում էր մարզում դեմք դառնալ, թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, ես դեմ եմ քվեարկել: Երկրորդ անգամ, երբ արդեն հաստատված որպես թեկնածու պետք է առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես նորից դեմ եմ քվեարկել էդ թեկնածուին: Ես չեմ խառնվել ընտրություններին, չեմ միջամտել ընդհանրապես, այսինքն՝ պահել եմ ՔՊ-ի ամեն ինչը՝  կարգ ու կանոնը, դրան գումարած՝ ես առաջարկել եմ, ասել եմ, որ ճանաչում են Գրիգորյանին՝ ներկայի քաղաքապետին: Ես ասել եմ, որ պետք չէ տանել ցնցումների՝ ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ է, այն քաղաքապետներից է, որ բյուջեն կատարել է 100-104 տոկոսով: Այսինքն՝ բյուջեն գերակատարել է: Այսօր ՀՀ-ում նման բան չի եղել, և դա պետք չէ բերել ուրիշ դաշտ: Սա է եղել ընդհանուր իրավիճակը, որ ես չեմ խառնվել ընդհանրապես, ես ՔՊ-ին թիկունքից չեմ խփել, որևէ մեկի չեմ ասել, որ պետք է գնաք, ընտրեք գործող քաղաքապետին»,- պարզաբանեց Սասուն Միքայելյանը:

Նա նաև ասաց, որ Աբովյանի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջոցով. «Ինքն անձնավորեց իր դերակատարությունը Աբովյանի ընտրություններում: Պատկերացրեք, որ վարչապետը հանկարծ չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու: Ռոմանոսն էդքան ակտիվ չէր Թավշյա հեղափոխության ժամանակ ու եթե մենք դասեր չքաղենք, Թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում:

Ըստ Միքայելյանի՝ այս տարիներին համակարգ է ձևավորվել, և մարդիկ կան, որ ենթարկվել են այդ համակարգին, իրենց նորմալ են պահել, աշխատել են։

«Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մենք եկել ենք մարդկանց փոխենք։ Հասկանո՞ւմ եք, բոլորս էլ գիտենք՝ ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո մարդկանց ստիպել են, աշխատել են էդ ձևի։ Սա է եղել ընդհանուր վիճակը, որ ես կուզենայի ասել»,- ասաց նա։

Հարցին՝ ստեղծված իրավիճակը քննարկե՞լ է վարչապետի հետ, Միքայելյանն ասաց՝ դեռ ոչ, բայց կքննարկեն: Իսկ ինչ վերաբերում է Ռոմանոս Պետրոսյանի հետ քննարկելուն, ասաց. «Ինչո՞ւ պետք է քննարկեմ»: