Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա Միջազգային վիրաբուժական կոնֆերանսը, որին կմասնակցեն աշխարհահռչակ վիրաբույժներ. հարցազրույց կոնֆերանսի կազմակերպիչ Թալար Թեջիրյանի հետ

17:02 • 01.07.19

Հուլիսի 3-ին առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա Միջազգային վիրաբուժական կոնֆերանսը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու աշխարհահռչակ վիրաբույժներ: Կոնֆերանսի նպատակների, դրան մասնակցելու հնարավորությունների մասին Tert.am-ը զրուցել է ամերիկահայ վիրաբույժ Թալար Թեջիրյանի հետ:

-Բժի՛շկ, հուլիսի 3-ին Երևանում տեղի կունենա Միջազգային վիրաբուժական կոնֆերանսը, որի շրջանակում Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող բժիշկներ: Խնդրում եմ, մանրամասնեք՝ ինչպե՞ս առաջացավ կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու միտքը, ո՞րն է նպատակը:

-«Ֆեյսբուք» սոցիալական կայքում կա International hernia coloboration փակ խումբ, որին անդամակցում է մոտավորապես 8000 վիրաբույժ ամբողջ աշխարհից: Յուրաքանչյուր տարի տեղի է ունենում այդ բժիշկների ժողովը, որի թեման ճողվածքն է: Սա ամենատարածված վիրահատությունն է, որը կատարվում է ընդհանուր վիրաբուժության մեջ: Դրա համար էլ ճողվածքի վերաբերյալ քննարկումներն ու փորձի փոխանակումը շատ կարևոր է վիրաբույժների համար: Ես International hernia coloboration (IHC) անդամ եմ, և երբ նախապատրաստվում էինք հերթական ժողովին, առաջարկեցի այս անգամ այն անցկացնել Հայաստանում: Համաձայնեցին: Այդպես սկսեցինք աշխատանքները Հայաստանում ժողով իրականացնելու համար: 

-Մի փոքր պատմեք IHC-ի մասին, ովքե՞ր են անդամակցում:

-Փակ խմբում կան տարբեր ազգի վիրաբույժներ, կան նաև հայեր, սակայն նրանց թիվն այնքան էլ շատ չէ: Քննարկվում են տարբեր հարցեր՝ ճողվածքի վիրահատությունների, ոլորտում նորարարությունների հետ կապված: IHC-ի հիմնական նպատակն է վիրաբույժներին մեկտեղել մեկ վայրում՝ հնարավորություն տալով փոխանակվել փորձով, մասնագիտական քննարկումներ իրականացնել: Ինչպես գիտեք՝ համացանցն այսօր հնարավորություն է տալիս ֆիզիկապես աշխարհի տարբեր երկրներում գտնվող մարդկանց վայրկյանների ընթացքում հավաքվել մեկ վայրում ու աշխատել միասին:

-Կոնֆերանսի շրջանակում ովքե՞ր են գալու Հայաստան:

-Կոնֆերանսին մասնակցելու համար շուրջ 20 երկրից Հայաստան է գալու մոտ 120 բժիշկ: Թվեմ երկրներից մի քանիսը՝ Ռուսաստան, Ռումինիա, Բելառուս, Նեպալ, Իրան, Հնդկաստան, ԱՄՆ, Մեքսիկա, Բեյրութ: Կոնֆերանսի շրջանակում ունենալու ենք 6 բանախոս, որոնք աշխարհահռչակ բժիշկներ են: Նրանք մասնակիցներին պետք է ներկայացնեն մասնագիտական իրենց փորձը, ոլորտում տեղի ունեցած վերջին նորարարությունները: Յուրաքանչյուր բանախոսի ելույթից հետո նախատեսվում է նաև քննարկում, հարցուպատասխան:

Մենք ցանկանում ենք եղած ինֆորմացիան, ոլորտում լավագույնների փորձը տարածել, փոխանցել հայ բժիշկներին, նրանց ծանոթացնել ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին: Սա է մեր նպատակը:

-Ովքե՞ր կարող են մասնակցել կոնֆերանսին: Ինչպե՞ս դիմել: Արդյո՞ք ուսանողները ևս կարող ենք մասնակցել:


-Բոլոր ցանկացողները կարող են դիմել ու մասնակցել կոնֆերանսին: Մասնակցությունն անվճար է: Միայն թե պետք է նախապես գրանցվել: Մասնակցության համար բժիշկները պետք է լինեն IHC անդամ: Այնպես որ, մասնակցել ցանկացողները կարող են նախապես անդամագրվել IHC-ին, իսկ եթե չեն հասցրել, կարող են կոնֆերանսի ընթացքում անդամագրվել IHC-ին: Անդամագրումը ևս անվճար է:

Այո, կոնֆերանսին կարող են մասնակցել նաև ուսանողները: Ի դեպ, մենք շատ ողջունում ենք նրանց մասնակցությունը: Կարծում եմ՝ որքան շուտ նրանք սկսեն մասնագիտական նման քննարկումներին մասնակցելը, այնքան ավելի շուտ կհմտանան իրենց մասնագիտության մեջ, կկարողանան հարաբերություններ հաստատել արդեն կայացած մասնագետների հետ:

Նաև նշեմ, որ կոնֆերանսի շրջանակում Հայաստանում բժիշկները կիրականացնեն նաև վիրահատություններ, որոնք ուղիղ եթերով կցուցադրվի IHC-ի ֆեյսբուքյան փակ խմբում: Միայն փակ խմբի անդամները կկարողանան հետևել վիրահատությանը: Նրանք հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել վիրահատող բժիշկներին:

-Կոնֆերանսին մասնակցությունն ի՞նչ կտա մասնակիցներին:

-Նախ՝ կոնֆերանսի արդյունքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում աշխատող իրենց կոլեգաների հետ: Սա լավ հնարավորություն է կառուցելու լավ հարաբերություններ, որոնք հետագայում օգտակար կլինեն: Իսկ կոնֆերանսի ավարտին մասնակիցներին կտրվի կրեդիտավորման վկայական: Ինչպես գիտեք, յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ բժիշկները Առողջապահության նախարարության կողմից ստանում են որակավորման հավաստագրեր: Դրա համար նրանք պետք է մասնակցեն մասնագիտական տարբեր ֆորումների, դասընթացների և կուտակեն կրեդիտներ: Այսպիսով՝ մեր դասընթացի ավարտին նրանց կտրվի կրեդիտավորման վկայական, այսինքն՝ կտրվի 6 կրեդիտ:

Դրանից բացի, նախատեսվում է նաև Հայաստանում առաջին անգամ կազմակերպել կին վիրաբույժների հանդիպում-քննարկում՝ ընթրիքի սեղանի շուրջ: Նրանց մեջ կլինեն տարբեր ազգի վիրաբույժներ: Սրա նպատակն է ստեղծել կին վիրաբույժների համայնք:

Սա նոր երևույթ չէ աշխարհում, սակայն նոր է Հայաստանում: Նախկինում կին վիրաբույժների համար եղել են տարբեր դժվարություններ ու մարտահրավերներ: Կանայք ավելի քիչ տեղ էին զբաղեցնում մասնագիտական շրջանակներում, հենց այդ պատճառով էլ աշխարհում ստեղծեցին կին վիրաբույժների համայնքներ: Ես կարծում եմ՝ լավ կլինի, որ IHC-ն Հայաստանում ստեղծի կին վիրաբույժների համայնք, որտեղ կհաստատվեն ամուր կապեր: