Լիբիայում ձերբակալված Թուրքիայի քաղաքացիներն ազատ են արձակվել. նրանք հայրենիք կվերադարձվեն
Լիբիայում ձերբակալված Թուրքիայի վեց քաղաքացիներն ազատ են արձակվել, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Հաղորդվում է նաև, որ ազատ արձակված թուրք քաղաքացիները տուն կվերադառնան:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կիրակի հայտարարել էր, որ Լիբիայի ազգային բանակը ձերբակալել է 6 թուրք քաղաքացիների:
Այսօր, սակայն, Լիբիայի արևելյան Աջդաբիա քաղաքի իշխանությունները, որոնք հավատարիմ են Լիբիական ազգային բանակին, հայտարարել են Թուրքիայի միայն երկու քաղաքացիների ձերբակալության մասին:
Նշենք, որ Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարն ապրիլի 4-ին իր ուժերին հրաման է տվել հարձակում սկսել Տրիպոլիի դեմ՝ «ահաբեկիչներից ազատագրելու համար»: Տրիպոլիում կառավարությանը հավատարիմ զինված կազմավորումները հայտարարել են «Ցասման հրաբուխ» գործողության մեկնարկի մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ Տրիպոլիում մարտերի հետևանքով զոհվել է գրեթե 740 մարդ, ավելի քան 4400-ը վիրավորվել է:










