Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը՝ խմելու ջրի բացակայության պատճառով (լուսանկարներ)

15:18 • 01.07.19

Արճիս համայնքի բնակիչներն այսօր փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը։ Պատճառը խմելու ջրի գրեթե բացակայությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Մարտիրոսյանը:

«Երկար ժամանակ է արճիսցիներն այս խնդիրը բարձրացնում են մարզպետարանում, տարբեր գերատեսչություններում, խնդրի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող հարթակներում, սակայն «ձայն բարբառոյ յանապատի»:

Ճարահատյալ, իրենց ձայնը լսելի դարձնելու եզակի ճանապարհը՝ ճանապարհ փակելն են համարել։ Հարցի լուծումը կարճ է, սրտացավություն է պետք:

Գյուղի կենտրոնով անցնող ջրագիծը (մագիստրալը) սպասարկում է հարևան երկու համայնքներին, այնինչ արճիսեցին խողովակով հոսող ջրի ձայնն է միայն լսում, դույլով աղբյուրից ջուր է կրում, կարոտով սպասում, թե վերևներում հայտնված մի չինովնիկ մի բարի օր լայաղ կանի հայացք ուղղի իրենց, իսկ թե ուշանում է, այլ ելքեր է փնտրում։ Ահավասիկ։ 

Պատկաննե՝ր, մի քիչ ավելի ակտիվ եղեք»,-գրել է Սուսաննա Մարտիրոսյանը: