Կամբոջայում կոկորդիլոսները կերել են կոկորդիլոսաբուծարանի տիրոջ 2-ամյա երեխային
Կամբոջայի Սիեմրեափ բնակավայրում գտնվող կոկորդիլոսաբուծարանում գիշատիչները կերել են իրենց տիրոջ երկամյա երեխային, հայտնում է bangkokpost.com-ը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ զոհը եղել է Ռոմ Ռոթ Նիրի անունով աղջիկը, որն անզգուշության հետևանքով ընկել է կոկորդիլոսների արգելավանդակի մեջ:
Հայտնի է, որ փոքրիկը տանը մայրիկի հետ է եղել: Մինչ վերջինս զբաղված է եղել նորածին երեխայի խնամքով, աղջիկն աննկատ հեռացել է մոր տեսադաշտից: Երեկոյան ժամը տասին, երբ հայրը տուն է եկել, ոչ մի տեղ չի կարողացել գտնել դստերը: Որոշ ժամանակ անց նա փոքրիկի գլուխը հայտնաբերել է արգելավանդակում:
Նշվում է, որ արգելավանդակը գտնվել է տան ետնամասում: Թեև տղամարդը դրա շուրջը ցանկապատ էր կառուցել, այնուհանդերձ՝ երեխան կարողացել է դրա արանքով անցնել:
Դեպքի առնչությամբ ոստիկանությունը դիմել է կոկորդիլոսաբուծարաններ ունեցող բոլոր ընտանիքներին՝ կոչ անելով առանձնակի ուշադիր լինել հատկապես երեխաների նկատմամբ:










