Իսպանուհին իր իսկ վարձած մարդասպանի դեմ բողոք է ներկայացրել՝ պատվերը չկատարելու համար
Իսպանիայի բնակչուհին դիմել է ոստիկանություն և բողոք ներկայացրել իր փեսայի դեմ՝ նշելով, որ վերջինիս որպես մարդասպան էր վարձել իր զուգընկերոջ նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար, սակայն փեսան այդպես էլ չի կատարել պատվերը:
Ինչպես նշում է Oddity Central-ը, կինը Մադրիդի կենտրոնական ոստիկանական բաժանմունք է ներկայացել դստեր հետ և երկու բողոք ներկայացրել: Առաջինը վերաբերել է իր զուգընկերոջը, որը, կնոջ պնդմամբ, մի քանի տարվա ընթացքում իրենից ավելի քան 60 000 եվրո է կորզել:
Մինչդեռ երկրորդ բողոքը ներկայացվել է դստեր ամուսնու դեմ: Տղամարդը համաձայնել էր սպանել զոքանչի սիրեկանին ու հետո նրա ներքին օրգաններից յոթը վաճառել «սև շուկայում»՝ այդպիսով հետ վերադարձնելով տասնյակ հազարավոր եվրոները, որոնք զուգընկերը շորթել էր կնոջից:
Այս ծրագիրը կյանքի կոչելու համար փեսան իսպանուհուց նախնական 7 000 եվրո է վերցրել և նույնիսկ իրավական պայմանագիր է կնքել նրա հետ:
Որոշ ժամանակ անց մայր ու դուստր հասկացել են, որ փեսան չի պատրաստվում որևէ մեկին սպանել: Ուստի՝ նրանք նրա դեմ բողոք են ներկայացրել՝ իրենց իսկ համար «փոս փորելով», քանի որ ինչ-որ մեկի սպանության համար մարդ վարձելն արդեն իսկ օրենքի խախտում է: Նշվում է, որ այժմ երեքն էլ ձերբակալված են և սպասում են դատավարությանը:










