Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք և անկարգություններ իրականացրել. ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել (լուսանկարներ)

21:11 • 01.07.19

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում մի քանի հարյուր ցուցարար խորհրդարանի շենք է ներխուժել՝ շրջանի ղեկավար Քերի Լեմի հետ բանակցությունների պահանջով, գրում է South China Morning Post-ը:

Սաղավարտներով, դիմակներով ու ձեռնոցներով ցուցարարները մի քանի ժամ շարունակ փորձել են խողովակների և մետաղյա իրերի օգնությամբ կոտրել խորհրդարանի շենքի դռների ու պատուհանների ապակին ու մետաղյա ճաղերը: Երբ դա նրանց հաջողվել է, նրանք ներխուժել են շենք, սև ներկով ներկել պատերն ու նիստերի դահլիճում գտնվող զինանշանը, պատերին անպարկեշտ գրություններ թողել, պոկել դիմանկարները, ջարդուփշուր արել կահույքը: Ակցիայի մասնակիցներն օժանդակ առարկաներով ցանկապատնեշ են կառուցել, որպեսզի ոստիկանները չկարողանան մոտենալ իրենց:

Իրավապահ մարմինները մինչ այժմ չեն խառնվել ցույցերին, սակայն որոշ ժամանակ առաջ կոչ են արել ցուցարարներին լքել խորհրդարանի շենքը՝ զգուշացնելով, որ դիմադրության դեպքում ստիպված կլինեն ուժ կիրառել: Դրանից հետո ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ մի քանի փուլով արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարների մի մասը ցրվել է:

Հաղորդվում է, որ այսօր առավոտից ցուցարարներն իրենց ծայրահեղ ագրեսիվ կերպով են դրսևորել. նրանք անհայտ հեղուկ են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանները տարբեր բնույթի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:

Շաբաթներ առաջ մոտ երկու միլիոն ցուցարար, որոնք դեմ են օրինագծին, դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով ամբողջովին հրաժարվել օրենքի վերանայումից, ինչպես նաև ներողություն էին պահանջել վարչական շրջանի ղեկավարից: Դրանից մի քանի ժամ անց Լեմը գրավոր ներողություն էր հայցել կառավարության անունից:

Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի պաշտոնյաներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: