Ես ի՞նչ իմանայի, որ ախպոր պես ընկերները մեկ էլ իրար թշնամի պետք է դառնան. Հայկ Սարգսյանի գործով վկա

17:28 • 02.07.19

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստին գործով վկային՝ Ալեքսանդր Սարգսյանի հարևան Սամվել Ասլանյանին դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել, նա այսօր բերման է ենթարկվել դատարան և հարցաքննվում է:

Սամվել Ասլանյանին խնդրեցին անդրադառնալ իր նախաքննության ցուցմունքներին: Նա պարզաբանեց, որ սրտի վիրահատությունից հետ շատ բան չի հիշում: Հարցին, թե որևէ մեկը խնդրե՞լ է որևէ բովանդակությամբ ցուցմունք տալ, վկան պատասխանեց. «Ոչ մեկ: Ո՞վ կարող է ինձ խնդրել»:

Իսկ ինչ վերաբերում է խնդրին, որ իր տված ցուցմունքները տարբերվում են, Ալեքսանդր Սարգսյանի հարևանը մեկնաբանեց, թե գուցե շփոթել է, մեկից մի բան լսել, ասել է: «Ես ի՞նչ իմանամ, որ ախպոր պես ընկերները մեկ էլ իրար թշնամի պետք է դառնան»,-ասաց նա:

Նա նշեց, որ Հայկ Սարգսյանին ճանաչում է մանկուց. «Նա ոսկի տղա է, շատ լավ տղա է»: Հարցին՝ ինչ նշել է ցուցմունքներում, ճի՞շտ է, Սամվել Ասլանյանն ասաց, որ կարող է սխալներ էլ լինի: «Ես հիպերտոնիկ հիվանդ եմ, ես հիշողություն չունեմ»,-կրկնեց նա:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: Հայկ Սարգսյանը կալանավորվել էր 2018 թ-ի հուլիսի 11-ին, սեպտեմբերի 10-ին դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակել նրան: