Մեքսիկայի սահմանին անհայտ տղամարդիկ 350 դոլարով ներգաղթյալ երեխաների են փորձում գնել՝ իրենց ապաստան ստանալու շանսերը մեծացնելու համար
Մեքսիկայի իշխանությունները փախստական մայրերին նախազգուշացնում են, որ անհայտ տղամարդիկ Տիխուանա քաղաքի փախստականների ճամբարից ներգաղթյալ երեխաների են փորձում գնել՝ ԱՄՆ-ի հետ սահմանին իրենց ապաստան ստանալու շանսերը մեծացնելու համար, հայտնում է Daily Mail-ը:
Պաշտոնյաներն անհանգստացած են «Կենտրոնական Ամերիկայից և Հաիթիից» ի հայտ եկած տղամարդկանցով, որոնք մոտենում են Տիխուանայի Iglesia Evangelica Embajadores de Jesus ապաստարանի հատկապես ծայրահեղ խոցելի վիճակում գտնվող մայրերին և նրանց 350 դոլար առաջարկում՝ երեխաներին գնելու և ԱՄՆ մուտք գործելու համար:
Հայտնի չէ, թե արդյոք տղամարդիկ երեխաներին գնում են իրենց նպատակների համար, թե այլ ներգաղթյալների համար հանդես են գալիս որպես միջնորդներ:
Նշենք, որ 2018թ.-ի հոկտեմբերին Կենտրոնական Ամերիկայից հազարավոր ներգաղթյալներ, որոնցից շատերը՝ ընտանիքներով և փոքր երեխաներով, Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ սահման էին շարժվել՝ այդ երկրի իշխանություններից ապաստան խնդրելու:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապօրինի ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու համար 1000 զինծառայող էր տեղակայել սահմանին: Չնայած բոլոր տեսակի զգուշացումներին՝ մարտին նույն տարածաշրջանից ներգաղթյալների ևս մի խումբ (շուրջ 1200 ներգաղթյալ) էր ճանապարհ ընկել դեպի ԱՄՆ սահմանը:
Մայիս ամսվա դրությամբ ամերիկացի սահմանապահները Մեքսիկայի տարածքով ԱՄՆ սողոսկած ավելի քան 132 000 մարդու են ձերբակալել, ինչը եռակի գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը և 2006թ.-ից ի վեր սահմանին ձերբակալված ներգաղթյալների ամենաբարձր ամսական ցուցանիշն է:












