Մայորը դատապարտվել է 3 տարի ազատազրկման, բարեկամները պնդում են՝ զինվորը սուտ մատնություն է տվել (տեսանյութ)

20:13 • 02.07.19

Դիլիջանում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ, մայոր Միհրան Ոսկանյանը դատապարտվել է 3 տարի 3 ամսվա ազատազրկման՝ ժամկետային զինծառայող Միքայել Տեր-Մինասյանին հարվածելու, նրա առողջությանը ծանր վնաս պատճառելու, նրա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար:

Նրա ընտանիքի անդամները, զինակից ընկերներն ու բարեկամներն այսօր Կառավարության առջև բողոքի ակցիա էին իրականացնում: Մայորի կինը պնդում է, որ դատաքննությունն իրականացվել է միակողմանի, և դատարանը բավարար քննություն չի իրականացրել:

Ըստ դատական գործի նյութերի, մեկ այլ մայոր՝ Արթուր Հակոբյանն իր աշխատասենյակ է կանչել շարքային Միքայել Տեր-Մինասյանին համակարգչով աշխատելու համար: Ներս է մտել մարտական ծառայության գծով հրամանատարի տեղակալ Միհրան Ոսկանյանը և խնդրել, որ Միքայելը սկզբում իր աշխատանքը կատարի համակարգչով, քանի որ իր առաջադրանքն ավելի հրատապ է:
Տուժողի ցուցմունքի համաձայն, երբ նա սկսել է աշխատել զինվորական մետաղական աթոռին նստած, Ոսկանյանը, որը նրա թիկունքում տեքստն էր թելադրում, մի պահ ձեռքով հարվածել է նրա պարանոցին, իսկ քիչ ժամանակ անց էլ բռունցքով հարվածել է նրա գոտկատեղին: Հաջորդ օրը առավոտյան վաշտի զորանոցում, տղան ուժգին ցավեր է զգացել, նրան տարել են բուժկետ, հետո՝ Դիլիջանի հիվանդանոց, որտեղ շտապ հեռացրել են փայծաղը: 

Մայորի փաստաբան Հակոբ Ճարոյանն ասում է, որ դատաբժշկական քննությունը սխալ է, քանի որ ժամանակային առումով անհամապատասխանություններ կան:
Բացի այդ, գործով կա ևս մեկ ապացույց. տուժողն ասել է, որ երբ նա աչքերը բացել է, ասել են որ ամբողջ մեղավորությունը բարդի մայոր Միհրան Ոսկանյանի վրա:

Մանրամասները՝ տեսանյութում