Թրամփն ԱՄՆ-ի խոշոր քաղաքները ցանկանում է «մաքրել» անօթևաններից
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է երկրի խոշոր քաղաքներում, մասնավորապես Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում, անօթևանների հետ կապված խնդրին՝ նշելով, որ ցանկանում է միջամտել և անօթևաններից «մաքրել» այդ քաղաքները:
Ինչպես նշում է The Guardian-ը, Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը ստեղծված իրավիճակը «խայտառակություն» է որակել և ասել, որ ոստիկանները դրա հետևանքով վարակվում ու հիվանդանում են:
«Երբ համաշխարհային առաջնորդներն այցելության են գալիս ԱՄՆ նախագահին և մեքենայով անցնում են փողոցներով, նրանք չեն կարող նայել այն տեսարաններին, որոնց ականատեսն ենք լինում Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում: Չի կարելի թույլ տալ, որ այն, ինչ կատարվում է, շարունակվի: Ոստիկաններն ուղղակի հիվանդանում են, երբ անցնում են այդտեղով»,-ասել է նախագահը՝ նկատելով, որ մարդիկ ապրում են դժոխային պայմաններում:
Ըստ պարբերականի՝ Թրամփը նկատի է ունեցել անցած ամիս տեղի ունեցած դեպքը, երբ ոստիկանը Լոս Անջելեսում աշխատելու ժամանակ որովայնային տիֆով էր վարակվել անօթևաններից:
ԱՄՆ նախագահի համոզմամբ՝ անօթևանները և նրանց հետ կապված խնդիրը կարող են «կործանել» ամերիկյան քաղաքները, ինչն անթույլատրելի է:
Վերջին մեկ տարում Լոս Անջելեսում անօթևանների թիվն ավելացել է 16, իսկ Սան Ֆրանցիսկոյում՝ 17%-ով:










