Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հավաքակայան, հետևել ամառային զորակոչի ընթացքին (լուսանկարներ)

21:24 • 02.07.19

 

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։ 

Վիճակահանության դահլիճում պաշտպանության նախարարը զրուցել է նաև զինակոչիկների հետ, շնորհավորել զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել անվտանգ և գերազանց ծառայություն։

Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը պատասխանել է զինակոչիկների ծնողների հարցերին, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել զինծառայողների կենցաղային և թիկունքային ապահովման ուղղությամբ։ 

Շրջայցի ավարտին Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ զորակոչի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և զինակոչիկների կրթությունն ու մասնագիտական կարողությունները հաշվի առնելու վերաբերյալ։