Թբիլիսում գանգուղեղի ծանր վնասվածք ստացած հայ ցուցարարի մասին տեղեկությունները թաքուն են պահվել. Apsny.ge
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում օրեր շարունակ տեղի ունեցած ցույցերի ժամանակ գանգուղեղի ծանր վնասվածք ստացած հայ ցուցարար Դավիթ Գրիգորյանի գտնվելու վայրն ու նրա առողջական վիճակի մասին տեղեկությունները թաքուն են պահվել: Նման հայտարարություն է տարածել «Միասնական ազգային շարժման» քաղխորհրդի անդամ Խաթիա Դեկանոիձեն` պահանջելով փորձաքննություն անցկացնել: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն:
Դեկանոիձեն նշել է, որ ցույցերի 20-րդ օրը Գրիգորյանը վիրավորվել է, սակայն դեռ պետք է պարզվի, հատուկ ջոկատայիններն ինչպե՞ս են կրակել նրա ուղղությամբ: Հայ ցուցարարի վիճակը ծանր է: Նա ստացել է գանգուղեղային վնասվածք, իսկ ռեզինե փամփուշտն իրավապահ մարմինները Գրիգորյանի գլխից հանել են տեղում` հետքերը թաքցնելու նպատակով:
«Պետք է փորձաքննություն անցկացնել, քանի որ իրականությունն այն է, որ Գրիգորյանին տեղափոխել են Ալադաշվիլիի հիվանդանոց` գլխի ծանր վնասվածքով: Բժիշկներն ասում են, որ մարդը նման վնասվածք կարող է լինել միայն կրակոցի հետևանքով: Ուստի փորձաքննությունը ոչ միայն նպատակային է, այլև պարտադիր»,- նշել է նա:
Դեկանոիձեն հայտնել է, որ Գրիգորյանի առողջական վիճակի մասին տեղեկությունները գաղտնի են պահվել: Դա ղեկավարել է արտակարգ իրավիճակների և շտապօգնության համակարգող կենտրոնի տնօրեն Ավթանդիլ Թալեքվաձեն, որը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալեքվաձեի եղբայրն է:
Դեկանոիձեն հավելել է, որ Թալեքվաձեն է 11 շարունակ հսկել է վերակենդանացման բաժանմունքը, որտեղ գտնվում է Գրիգորյանը, որպեսզի տեղեկությունները չտարածվեն: Դեկանոիձեն պահանջում է փորձաքննություն կատարել, պարզել մեղավորներին և պատժել նրանց և սուտ տեղեկություններ չտարածել հայ ցուցարարի առողջական վիճակի մասին, թե իբր ոչինչ չի պատահել և ամեն ինչ լավ է:










